Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանքներ

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ մարմնի այլ մասի գանգատը վերնագրով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով